image

Քո Խոնարհ ջրկիրն եմ եղել.Համո Սահյան

Քո Խոնարհ ջրկիրն եմ եղել.Համո Սահյան

Քո խոնարհ ջրկիրն եմ եղել,
Եղել եմ և տերդ:
Ինչքան որ ուժերս ներել,
Ներել եմ մեղքերդ:
Թե ինձ էլ լքել եմ մեկ-մեկ,
Չեմ լքել պատկերդ,
Երեսով չեմ տվել երբեք
Ուշացած պարտքերդ:
Երգել ես, լցվել եմ երգով,
Իզուր է հերքելդ,
Եվ թաքուն այրվել եմ, երբ որ
Այրվել են վերքերդ:
Տվել եմ քեզ բախտս անխառ,
Արևս, երկինքս
Եվ ինչքս, որ մինչև անգամ
Չունեի ես ինքս:
Տվել եմ, չեմ առել ոչինչ,
Շնորհ էր շիկնելդ,
Եվ ոչինչ հարկավոր չէր ինձ,
Հերիք էր լինելդ:
Ինձ համար հերիք էր արդեն
Ժպտալդ ու լալդ,
Երբ գալդ պարգև էր մի մեծ,
Որ մնաց մնալդ:
Եվ դարձյալ առնելիք չունեմ,
Բայց շատ է տալիքս,
Ներիր ինձ, ներիր ինձ, եթե
Չների տարիքս:
Քո խոնարհ ջրկիրն եմ եղել,
Եղել եմ և տերդ,
Ինչքան որ ուժերս ներել,
Ներել եմ մեղքերդ:

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ