image

Անծանոթ սփյուռքահայը, որ լուսանկարվեց երգչուհի Օֆելյա Համբարձումյանի հետ

Անծանոթ սփյուռքահայը, որ լուսանկարվեց  երգչուհի Օֆելյա Համբարձումյանի հետ

Հրապարակագիր Հովհաննես Պապիկյանը մի դեպք է հիշել նախորդ տասնամյակներից.

 

Գրողների տան դիմաց սպասում էի Օֆելյա Համբարձումյանի գալուն. գնալու էինք երգչուհուն նկարահանելու: 
Այդ պահին մի անծանոթ, մի պատվելի մարդ (տեսքից ու պահվածքից զգացվում էր) մոտեցավ, քաղաքավարի բարևեց:
-Բարև Ձեզ, կերևա տեղացի եք, կարո՞ղ եմ մի բան հարցնել:
-Հազար բարի: Անշուշտ: 
-Օֆելյա Համբարձումյանին կուզեմ տեսնել, ինչպե՞ս կկարողանամ:
-Ձեր բախտը բերեց. երգչուհին հիմա այստեղ պիտի գա:
-Իրա՞վ:
-Ահա նայեք,-ես նրա հայացքը հրավիրեցի մայթով դանդաղ դեպի մեզ բարձրացող երգչուհու ուղղությամբ:
-Ուրեմն հրաշքներ ա՞լ կպատահին:
-Կարգին մարդկանց հետ պատահում են,-շոյեցի անծանոթին և բարևեցի արդեն մեզ մոտեցած երգչուհուն:
Օֆելյան մեզ ընդհանուր բարևեց, և ես ներկայացրի.
Տիկին Օֆելյա, պարոնը…
Պարոնը շտապեց տալ իր անունը, գլուխ խոնարհեց երգչուհու առաջ և Օֆելյայի մեկնած ձեռքն առավ ափի մեջ ու համբուրեց:
-Շատ շոյված եմ, Դուք ճանաչո՞ւ եք ինձ:
-Ձեզ ամբողջ հայությունն է ճանաչում,-փոխադարձ շոյեց պարոն Սեդրակը,-ես շնորհակալ եմ հայկական ռադիոյին, որի միջոցավ լսում ենք Ձեր անզուգական ձայնը:
Երգչուհուն երկար, շատ երկար գովեստներ շռայլելուց հետո նա հարցրեց.
-Կուզեմ Ձեզ հետ պատկեր մը ունենալ, ատիկա հնարավո՞ր է:
-Սիրով: Հովիկին խնդրենք կազմակերպի,-պարոնի ցանկությանն ընդառաջ, ասաց երգչուհին:
Բաղիշի լուսանկարչասենյակը գրողների շենքում էր, և լուսանկարվելու խնդիրը շատ հեշտ լուծվեց:
…Անծանոթ եկվորի մոտ մնաց մի հրաշալի տպավորություն երգչուհուց, ինձ մոտ` այս լուսանկարը: 
Շատ հետաքրքիր կլինի ֆեյսբուքում այդ պարոնը կամ իրեն ճանաչողները լինեն ու արձագանքեն, որ ես այս լուսանկարը հասցնեմ իրեն: Սիրով կսպասեմ արձագանքների: