image

Մեր հերիսան ուրիշ է.Խաժակ Այնթէպլեան

Մեր հերիսան ուրիշ է.Խաժակ  Այնթէպլեան

  Այս կիրակի հերիսա պիտի ուտենք...

Ամէն տարի այնճարցիները այս օրը հերիսա կ'ուտեն: Միայն այնճարցիները չէ , Պէյրութէն ալ ահագին մարդ կուգայ «Այնճարի տօնը» տօնելու ու հերիսա ուտելու: Բոլորն ալ նոյն բանը կ'ըսեն՝ այս հերիսային համը ուրիշ է .... Բայց եթէ հարցնես թէ պատճառն ինչ է , ամէն մէկը բան մը կ'ըսէ, որովհետեւ ճիշդ պատճառը այս օրերուն շատ քիչ մարդ գիտէ ...

Ինչո՞ւ այդպէս է ... ինչո՞ւ շատ քիչ մարդ մնաց որ այս հերիսային տարբեր ըլլալուն ճիշդ պատճառը գիտէ.... Այս հարցը զիս այնքան կը մտահոգէ որ վախէս երէկ իրիկուն հերիսայի վարպետներուն քով վազեցի որ սխալ բան մը չընեն ու յանկարծ հերիսային համը չփախցնեն... Հազիւ քովերնին հասայ , մէկ անգամէն քիթս իրենց գործին մէջ խոթեցի .

- Բարեւ վարպետներ , աղուոր առաջարկ մը պիտի ընեմ ձեզի: Եթէ կ'ուզէք որ այս տարի հերիսան աւելի համով ըլլայ , մէջը քիչ մը հայաստանեան «դուխ» դրէք ... Ինչո՞ւ կը զարմանաք , հիմա ամէն ինչի մէջ դուխ կը դնեն ,ճաշին, սուրճին , կարկանդակին ... Նոյնիսկ գլխարկին ...

Վարպետներուն մէջի ամենամեծը մօտեցաւ ինծի , թեւէս բռնեց ու մէկ կողմ քաշեց.

- Ինծի լսէ տղաս , ըսաւ , հայաստանեան դուխը լաւ բան է , բայց մեր հերիսային համար պիտանի չէ : Մեր հերիսան Մուսա լերան ոգի կ'ուզէ : Գնա գտիր այդ ոգին ու ինծի բեր , տես ինչ համով հերիսա կը պատրաստեմ քեզի...

Մուսա լերան ոգի ուրկէ՞ պիտի գտնեմ մտածեցի.... Ամենաճիշդը երեւի , երթամ ազգին վերը ելլեմ , մէկ մէկ բոլորին հարցնեմ , անպայման մէկուն քովը կը գտնեմ:

Առաջին դուռը զարկի , «Մուսա լերան Ոգի ունի՞ք» հարցուցի , վախէն դուռը չբացաւ... Երկրորդը «Մուսա լերան ոգին ի՞նչ է...» ըսաւ: Երրորդը դուռը երեսիս զարկաւ , ուրիշ մէկն ալ «խենթ ես ինչ ես» ինծի ըսաւ , «Մուսա լերան ոգին ուրկէ՞ միտքդ ինկաւ ... ատիկա փոր չի կշտացներ , գնա ուրիշ գործ մը գտիր , պարապ տեղ ժամանակդ մի կորսնցներ...»

Շունչս կտրած ազգային շէնքէն դուրս փախայ ու մեծ վարպետին քով հասայ.

- Մուսա Լերան ոգի չկայ: Ուր փնտռեցի , չգտայ:

Մեծ վարպետը խնդալով ուսս թոթուեց ու ըսաւ .

- Դուն շատ միամիտ տղայ մըն ես , Մուսա Լերան ոգին գացած ազգին վերը՞ կը փնտռես... Հիմա տուն գնայ  ու հանգիստ գնացիր իսկ վաղը առտու եկուր ու մատաղօրհնէքին մասնակցիր : Այս կիրակի մեր ժողովուրդը իր ուխտը պիտի վերանորոգէ : Հերիսային շուրջ պիտի հաւաքուի , ու բարձր ոգիով «Մուսա Լերան գիւղերէն Այնճար եկած ենք...» պիտի երգէ ու «հայ ծնած ենք ախպէր ճան , հայ պիտի մեռնինք» պիտի ուխտէ: Այդ ոգին է որ հերիսային մէջ պիտի մտնէ ու անոր համը պիտի փոխէ...

Այդ ոգին Մուսա լերան ոգին է որ այս ժողովուրդը իր երակներուն մէջ կը կրէ եւ այդ է պատճառը որ մեր հերիսային համը ուրիշ է ......

 

 

Խաժակ  Այնթէպլեան

 Այնճար