image

Ամենականգուն ծառը՝ իմ պապը. Թորոս Թորանյանը դառնում է 90 տարեկան

Ամենականգուն ծառը՝ իմ պապը. Թորոս Թորանյանը դառնում է 90 տարեկան

Նուշիկ Միքայելյան


Շատերին հայտնի անուն է՝ ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆՅԱՆ:
Մեր ընտանիքի ամենաերկարակյաց ու ամենականգուն ԾԱՌԸ՝ իմ Պապը:
Փետրվարի 28-ին՝ նահանջ տարում ծնված և երբե՛ք ոչ մի հարցում չնահանջող իմ մորական հայրը այսօր դառնում է 90 տարեկան: 
Դժվար է գրել մի մարդու մասին, ով մեր տան մեծն է եղել միշտ, մեր սեղանի գլխավորը, մեր՝ անհասկանալիորեն մշտաեռանդ, Հայոց գրի ու գրքի, Հայոց մշակույթի ու պատմության մունետիկն Սփյուռքում և Հայաստանում, որից ակամա, սովորել եմ սիրել այն ամենն ինչ հայկական է, այն ամենն ինչ հային ու հայի մտքին ու գրչին է վերաբերում:
Ինձ թույլ չեմ կարող տալ երկար գրել իր մասին, որովհետև շատ շատերին է նա հայտնի... Սակայն մեկ նախադասությամբ կցանկանամ շնորհավորել ծնունդը իմ պապի՝ Թորոս Թորանյանի, ով իր ճիշտ ու սխալ, իր հեշտ ու բարդ, իր մեծ ու փոքր, իր ուժեղ ու թույլ ներկայությամբ, ինձ սովորեցրել է ամենաէականը՝ ՍԵՐԸ հանդեպ կյանքը մեր, որի ամեն րոպեն՝ ԱՄԵՆ ՐՈՊԵՆ նա ԹՂԹԻ, ԳՐԻ, ԳՐՔԻ դիմաց է անցկացրել, մասնագիտությամբ բժիշկ լինելով:
Գուցե իմ ու քո սերունդի քայլքը՝ պապի ջան, նման է կողք կողքի քայլող մի զուգահեռի, որի ճանապարհները գուցեև չեն հանդիպում, հայացքները գուցե չեն նայում իրար, սակայն, անխուսափելիորեն արտացոլում են մեկը՝ մյուսին և մեկի գոյությունն անպայման պայմանավորված է լինում մյուսով:
Շնորհակալ եմ այն ամեն ինչի համար որ տվել ես ինձ...Շնորհակալ եմ, որ եզակի ես քո տեսակով, որն ընդունեմ, թե չընդունեմ, ընկալեմ թե չընկալեմ, միևնույն է՝ ԻՄՆ Է:
Ապրիր այնքան, ինչքան միշտ ես խոստացել ապրել՝ 120 տարի...Եվ 120 տարիներդ ապրիր այնպես, ինչպես այս նկարում ես՝ ԿԱՆԳՈՒՆ: