image

Այս տեսակն է որ մեր երկիրը երկիր կը պահէ... Խաժակ Այնթէպլեան

Այս տեսակն է որ մեր երկիրը երկիր կը պահէ... Խաժակ  Այնթէպլեան

Անգամ մը ես ու եղբայրս , մէկ նրբերշիկը երկու հոգիով կէս առ կէս , առանց «մայոնէզ» ինչպէ՞ս իջաւ կոկորդնէս հիմա չեմ յիշեր , բայց լաւ կը յիշեմ թէ չորս տարի ետք ինչպէս Երեւանի առաջին «ֆասթ ֆուտ ռեստորանի» առաջին մատուցողուհին , որ բնաւ գաղափար չունէր թէ ես չորս տարի է բերանս չէի դրած բնաւ «մայոնէզ» , «կարտոֆիլ Ֆրի»ի ամանը ձեռքը, ինծի մօտեցաւ , երեսիս նայեցաւ ու ըսելիքը մոռցաւ: Յետոյ արաստաղին նայեցաւ , նոր սորված անուններուն ցանկը այնտեղ չգտաւ ու ձախ ձեռքին բթամատով ճակատը այնքան սեղմեց , մինչեւ որ յիշողութիւնը աչքերուն մէջէն դուրս ժայթքեց ու յաղթական ժպիտով մը յայտարարեց.

- «Քէչո՞ւփ» ես ուզում թէէէ ... Մայոնէ՞զ...

-Մայոնէ՞զ ասացիր...

- Այո ,մայոնէզ: Մայոնէզըը՜ը... թթուասերի նման է : Գիտէ՞ք թէ ոնց են սարքում , մածունին մի քիչ ալիւր են աւելացնում....

- Չէ չէ , այդպէս չեն անում: Մայոնէզը բուսական իւղից ու ձուից են սարքում : Իւղը կաթիլ կաթիլ են լցնում , մի քիչ աղ են աւելացնում ... Ես լաւ գիտեմ թէ ոնց են սարքում : Բայց միթէ մայոնէզ կա՞յ արդէն Երեւանում ...

                                          ***

Անգամ մը երբ հազիւ շաբթուան մը ուսանող էի Երեւանի մէջ, եղբայրս ու ես երիտասարդական մեթրոյի դիմացի մայթէն անցած ատեննիս , նրբերշիկ ծախող մը ելաւ դիմացնիս ու յանկարծակի հարցումով մը դիմեց երկուքիս .

- Տաք տաք «սասիսկի» ուզո՞ւմ էք տամ ձեզ :

- Սասիսկին ի՞նչ է հարցուցի ես :

- Սասիսկին «հոթ-տոկ»ն է,- եղբայրս բացատրեց եւ իսկոյն մէկ հատ ապսպրեց:

Երշիկ ծախողը անմիջապէս անցաւ գործի եւ յանկարծակի երկրորդ հարցումով մը դիմեց այս անգամ ուղղակի ինծի.

- Տղայ ջան, «թոմաթ» ուզո՞ւմ ես:

- «Թոմաթ»ը ի՞նչ է , հարցուցի ես, հաճիս «հոթ-տոկ»ին վրան քիչ մը մայոնէզ կը դնե՞ս :

- Մայոնէզն ի՞նչ է ... Ես քեզ հարցնում եմ թոմաթ ուզո՞ւմ ես :

- Թոմաթը ի՞նչ է , ինծի մէկ հատ երշիկ տուր վրան մայոնէզ :

- Թոմա՞թ :

- Մայոնէզ :

- Թոմա՞թ:

- Մայոնէէէէ՜զ ….

Մինչեւ որ եղբայրս եկաւ ու միջամտեց . 

- Մի հատ «սասիկի» լաւաշով փաթաթի առանց ոչ մի բանի , միայն խնդրում եմ մէջտեղից կիսի:

Այդպէս , ես ու եղբայրս մէկ նրբերշիկը երկու հոգիով կէս առ կէս, ինչպէ՞ս իջաւ կոկորդնէս առանց թոմաթ ու առանց մայոնէզ հիմա չեմ յիշեր, միայն կը յիշեմ ամբողջ շաբաթը Երեւանի խանութներուն մէջ ես շատ փնտռեցի, բայց չկրցայ գտնել ոչ մէկ մայոնէզ :

Շաբաթ մը յետոյ եկայ նոյն տեղը որպէսզի ուտեմ լաւաշով փաթաթած մէկ հատ նրբերշիկ առանց մայոնէզ, բայց Երիտասարդական մեթրոյի դիմացի մայթին չկրցայ գտնել երշիկ ծախողին, իսկ Երեւանի խանութներուն մէջ ի զուր փնտռեցի մէկ հատ նրբերշիկ, որպէսզի երթամ լաւաշով փաթաթեմ ու առանց թոմաթ , առանց մայոնէզ փորս կշտացնեմ ...

Ամիս մը անցաւ , օդը փոխուեցաւ , ձմեռը հասաւ բայց նրբերշիկէն ոչ մէկ լուր եկաւ : Անօթի փորս օձիքէս բռնեց ու զիս դէպի փուռ քաշեց , որպէսզի գտնեմ կտոր մը լաւաշ կամ կէս մատնաքաշ : Փուռին առջեւ երկար կայնեցայ, բայց հազիւ իմ հերթը հասաւ՝ լաւաշն ալ պրծաւ ...

Ի՞նչ կրնամ ընել մտածեցի ես , երթամ «ֆիրտուսի» շուկայէն «ալաատին» վառարան մը գնեմ երեւի , գոնէ վրան բրինձ կը խաշեմ , ոտքերս ալ կը տաքցնեմ: Բայց պարսկական «ալաատին» այս կոչուածն ալ նաֆթով կ'աշխատի .....

Նաֆթ ալ չգտայ: Գացի բուրդէ գուլպայ մը հագայ , բուրդէ ձեռնոցներ ու գլխարկ դրի ու բոլորին պէս ես ալ իմ գլխուս ճարին ետեւէն գացի: Այդպէս գլխուս ու փորիս ճարին նայելով կամաց կամաց ինքզինքս դաստիարակեցի : Ամէնէն առաջ համբերութիւնս ամրացուցի յետոյ մայոնէզ շինել փորձեցի . Հաւկիթի դեղնուցին քիչ մը աղ, քիչ մըն ալ շաքար աւելցուցի , լաւ մը խառնեցի ու կաթիլ կաթիլ ձէթ աւելցուցի բայց ինչ որ ըրի չեղաւ մայոնէզ , ես ալ ստիպուած աղբը թափեցի ու սպասեցի մինչեւ որ անցնին այս նեղ օրերը առանց նաֆթ ու առանց լաւաշի , առանց նրբերշիկ ու մայոնէզի...

Չորս տարի անցաւ , Երեւանի մէջ առաջին ֆաստ ֆուտ ռեստորանը բացուեցաւ: Իսկ երբ առաջին մատոցողուհին , «Կարտոֆիլ ֆրի»ի ամանը ձեռքը ինծի մօտեցաւ ու յայտարարեց « քեչուփ ես ուզում կամ էլ մայոնէզ » , ես հասկցայ թէ անցեր են արդէն այն նեղ օրերը առանց նաֆթ ու առանց լաւաշի , Երեւանի մէջ արդէն կրնաս հանդիպիլ թէ նրբերշիկի թէ մայոնէզի:

Ուրախութենէս ես դուրս վազեցի ու առաջին բացուած «սուփըր մարքեթ»ը ներխուժեցի : Սակայն երբ որ մայոնէզին գինը կարդացի անմիջապէս գուշակեցի թէ Հայաստանի ժողովուրդը ապրելու համար երեք տարբերակ ունի .

Կամ պիտի շարունակէ իր կեանքը հայրենիքին մէջ առանց նաֆթ ու առանց լաւաշի կամ ալ ստիպուած երկիրը պիտի լքէ , որպէսզի աւելի յարմար գիներով մայոնէզ գտնէ :

Երրորդ տարբերակն ալ կայ . ան որ նոր տարուան պիտի սպասէ , որպէսզի մայոնէզը կոկորդիլոսի միսին հետ ուտէ:

Երրորդ տարբերակին արժանանալու շատ յոյս մի կապէք , այդ մէկը «վաստակաւոր» քիչերուն է միայն որ բախտ կը վիճակուի իսկ մեծամասնութիւնը հայրենիքէն հեռու , երկրորդ տարբերակին մէջ կ՚ապրի:

Իսկ առաջին տարբերակը ծով համբերութեամբ մինչեւ հիմա դեռ հայրենիքին մէջ կ'ապրի առանց նաֆթ ու առանց լաւաշի եւ ինչ որ պատահի այս տեսակը միշտ ինքն իր գլխուն ճարին կը նայի , ինքն իր մայոնէզը շինել կը փորձէ եւ այս տեսակն է որ մեր երկիրը երկիր կը պահէ ...