image

Սիրիահայ Ասմարյանները Արցախում օրինակելի այգի են հիմնել

Սիրիահայ Ասմարյանները Արցախում օրինակելի այգի են հիմնել

Արտակ Բեգլարյան. Արցախի վարչապետի մամլո քարտուղար


 

Այսօր այցելեցի սիրիահայ Ասմարյան եղբայրների կողմից ստեղծված այգին՝ Ստեփանակերտից մոտ 10 կմ հեռավորության վրա:

Հիացած եմ, թե 4 տարում ինչ կարգի աշխատանք են կատարել նրանք. շուրջ 14 հեկտար տարածքում տնկել են ավելի քան 25 ծառատեսակ, և ամեն մրգից՝ մի քանի ենթատեսակ: Էլ չասեմ, որ այնպիսի ծառեր կան, որոնց մասին կա՛մ շատ քչերն են լսել Արցախում, կա՛մ էլ մտածում էին, որ դրանք այստեղ չեն կարող աճել: 
Այսպես, օրինակ, այսօր ես համտեսեցի Արցախում աճած կակտուս և կիտրոն. Ասմարյաններն աճեցնում են նաև կիվի, պամելա, նարինջ, մանդարին, զեյթուն, մայրու ընկույզ, նուշ, շագանակ և մեր տարածաշրջանում քիչ թե շատ տարածված տարբեր մրգերի (դեղձի, ծիրանի, խնձորի, տանձի, նռան, թթի, խաղողի և այլն) նոր տեսակներ:
Նրանք օրինակելի այգեգործներ են Արցախում, և արդեն ոմանք, հետևելով նրանց օրինակին, սկսում են համարձակվել նոր ծառատեսակներ փորձել իրենց այգիներում: Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում նրանց ազդեցությունը կմեծանա, և Արցախում գրեթե բոլորը չեն պնդի, որ այստեղ նույնիսկ ծիրան չի աճում:
Ասմարյանները կիսակատակ դժգոհեցին, որ Արցախում չեն սիրում փորձարկումներ, այլ նախընտրում են միայն հնուց եկած մեթոդներին վստահել, կամ գոնե տեսնել հարևանի փորձարկման դրական արդյունքները, հետո հետևել նրա օրինակին: