image

Սիրիահայ տղամարդը հուզիչ նամակ է հղել Երեւանում իրենց բնակարան նվիրողներին

Սիրիահայ տղամարդը հուզիչ նամակ է հղել Երեւանում իրենց բնակարան նվիրողներին

Ինչպես հայտնել էինք՝  Ֆեյսբուքում ընդամենը վերջերս ստեղծված «Օգնություն սիրիահայ ընտանիքներին» փակ խումբը, որն իր ուշադրության կենտրոնում է պահում Սիրիայի պատերազմից հետո Հայաստանում հաստատված մի խումբ սիրիահայ ընտանիքների, բնակարան է գնել Թամար եւ Բաղդասար Սարգսյանների համար: Նարինե Դավթյանի ստեղծած խումբն ու նրա կողմից վարվող բարեգործությունը կարճ ժամանակի ընթացքում տվել են իրենց արդյունքները: Բարերարներն ու սովորական սրտացավ մարդիկ Ռուսաստանից, Հայաստանից եւ այլ երկրներից գումար են հանգանակել սիրիահայ Սարգսյան ընտանիքի համար, որոնք, Սիրիայից Հայաստան գալով, Երեւանում բնակվում են վարձով: Երեք երեխաներից կազմված ընտանիքի փոքրիկը ծնվել է Հայաստանում, «Օգնություն սիրիահայ ընտանիքներին» խումբը, հնարավորությունների սահմաններում հոգում է նաեւ երեխաների եւ ընտանիքի հոր առողջական խնդիրների ծախսերը: 

Թամար եւ Բաղդասար Սարգսյանները որոշել են իրենց հետագա կյանքը շարունակել Հայաստանում: Նրանք երախտագիտությամբ են ընդունել նվերը, իսկ օրերս ընտանիքի հայրը՝ Բաղդասար Սարգսյանը, բաց նամակ է հղել բարերարներին.


 

«Իմ շատ սիրելի, անկեղծ ազգականներս, հարազատներս եւ բարեկամներս: Կուզեմ իմ այս նամակով շնորհակալություն հայտնել բոլոր անոնց, որոնք սրտանց շնորհավորեցին մեզ մեր ստացած բնակարանին առթիվ, նաեւ հատուկ շնորհակալություն տիկին Անի Բալխյանին՝ որ իր միջոցով ծանոթացանք մեր անփոխարինելի, հարազատ, անկեղծ, սրտամոտ քրոջ՝ տիկին Նարինե Դավթային հետ: Ծանոթության օրերից մինչեւ այսօր ոչ մի վայրկյան նա մեզ մենակ չի թողել, մանավանդ մեր բոլոր նեղ օրերին միշտ մեր կողքին կանգնել է բարձր լեռան պես: 

Բառեր չեմ գտնում շնորհակալությունս հայտնելու նրան եւ իր հարազատ ընկերներին, որ  բոլորով մեզ թիկունք կանգնեցին: Խնդրում եմ Աստծուց՝ նրանց կատարյալ առողջություն եւ երկար կյանք տա: Տիկին Նարինե, Ձեր նմանները թող շատանան, որ բոլոր սիրիահայերն իրենց ապահով կյանքը գտնեն հայրենիքի ափերում»

 

Բաղդասար Սարգսյան/հալեպահայ/Երեւան

 

 


 

Համացանցային բարերարությունը վարող Նարինե Դավթյանը