image

Պապիս տունը

Պապիս տունը

Սմբատ Խալաթեան

 

Հին թաղերում՝ գյուղի եզրին,
Խոհուն ու մենակ,
Պապիս տունն էր՝ աչքը հեռու
Ճամփին շարունակ:

Կիսախոնարհ այս տաճարը
Ինձ իր գիրկն առավ,
Ու դեպ անցած, շեն օրերի 
Հեքիաթը տարավ:

Ու բացվեցին իմ դեմ այս տան
Պատկերները վառ,
Երբ վազում էին մանուկները՝ 
Անհոգ ու կայտառ:

Տեսա պապիս. ձին կապել էր
Կեռասենու տակ,
Ինքն էլ քնել՝ մեջքը քարին
Ու գլուխը հակ:

Լույսը տեսա տատիս բարի,
Խորունկ աչքերում,
Վառ օջախից տաք ապուրն էր
Դեպի տուն տանում:

Ախ, շնչեի տաք ապուրի
Անուշ գոլորշին
Ու փարվեի տատիս էն սուրբ
Գոգին ու փեշին:

Երազն անցավ, անէացավ,
Ես՝ աչքերս թաց,
Խոնարհվեցի տան պատերին
Ու լուռ իջա ցած:

Գյուղի եզրին՝ խոհուն մենակ,
Այս տաճարը հին
Կարոտաբաղձ նայում է դեռ
Պապիս ճամփեքին:

Մեծամոր 16.05.2016