image

Մեր Օպերան «գեղի կլուբի» այս վիճակից հանենք

Մեր Օպերան «գեղի կլուբի» այս վիճակից հանենք

Նուշիկ Միքայելյան

 

Ես ծայրահեղական փնթփնթաններից չեմ, սակայն հարկ եմ համարում վաղուց զսպված բարկությունս բարձրաձայնել` գուցե ձայնիս միացողներ լինեն ու մեր օպերան «գեղի կլուբի» (գյուղական ակումբի) այս վիճակից հանենք... Չգիտեմ` կա՞ արդյոք աշխարհում որևէ այլ մայրաքաղաք, որտեղ Ազգային Օպերայի շենքի անմիջական հրապարակում նման երևույթ թույլ տրվի... Մշակույթի և շենք-ճարտարապետության նկատմամբ ինչքան մանրամիտ ու մանրահոգի պիտի լինի մարդը` ապա ժողովուրդն ու քաղաքապետարանը, ինչպես և նույն օպերայի տնօրինությունը, որպեսզի վաղուց արդեն մարսված սրճարանների, թուրքա-արաբական նարգիլեների կողքին արդեն պաշտոնապես թուլատրվի մանկական այս խաղահրապարակը իր տարատեսակ բատուտներով, փուչիկ մուչիկներով ու մանկական մեքենաների բազմությամբ... Նախ զարմանում ես, հետո` սովորականի պես անցնում կողքով, հետո էլ երեխայիդ նույնպես տանում ես նույն այդ վայրը, որովհետև տանես` չտանես միևնույն է` բան չի փոխվելու... Ինձնից շատ երեխաների խաղ ու հրճվանքին կողմ չլինեք` սակայն ընտրված վայրը արդեն ոչ միայն ամոթանքի է արժանի ըստ իս, այլ երեխաներին հակակրթելու անառողջ սերմեր ունի իր մեջ... Օպերան` իրավունք չունի իմ, քո և մնացած երեխաների համար ցատկոտելու վայր լինել... Սրճարանային ախտին գումարվել է անճաշակ այս «պճնանքը», ու արդեն Մշակութային հատկապես այս կառույցի նկատմամբ այնպիսի արհամարհանք կա, որը մեզ` բոլորիս վայրենիների մի ցեղի ներկայացուցիչների է վերածում... Գոնե քիչ այն կողմ` լճի շուրջ, կամ չգիտեմ` մի ավելի հարմար տարածքում այս ամենն արվի... Ինչու՞ հենց այնտեղ, որտեղ քաղաքակիրթ զգալու ու թամանյանական այս գլուխ գործոցով հպարտանալու կենտրոնում` նման տեսարաններ պետք է բացվեն... Նորմա՞լ եք գտնում սա...Իսկ եթե ոչ, ինչն է մեզ բոլորիս խանգարում բարձրաձայնել ու փորձել այս ամենի համար ավելի քաղաքակիրթ մի տարբերակ գտնել...